UEFA-ն 500 մլն եվրո է հատկացրել Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ մասի անցկացման համար, որը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում EURO-2012 տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:
Նրա խոսքով, Եվրոպական ֆուտբոլային միությունը հենց այդքան գումար է ծախսում ինքնին առաջնության անցկացման, ինչպես նաև զանազան մասնագետների ներգրավման վրա, որպեսզի օգնի Ուկրաինային ու Լեհաստանին Եվրո-2012-ը բարձր մակարդակով անցկացնելու գործում:
Նա հաղորդել է նաև, որ «Օլիմպիյսկի» ԱՄՀ-ում առաջին ֆուտբոլային հանդիպումը պետք է կայանա նոյեմբերի 11-ին, հետևաբար, այդ ժամանակ մարզադաշտն արդեն պետք է բաց լինի: Այդ օրը ծրագրված է Ուկրաինայի և Գերմանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, հաղորդում է news.zn.ua-ը:
Առաջնության անցկացումն Ուկրաինայի համար կարժենա 3,78 մլրդ դոլար, իսկ Լեհաստանը կծախսի տաս անգամ ավելի` 35,6 մլրդ դոլար:





