AM
20 Օգոստոս 2011 - 07:30 AMT

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ դատարանը դեռևս չի ներկայացրել երկամսյա կալանքը գրավով փոխարինելու հայցի մերժման հիմնավորումները:

«Ասացին, որ փոստով կուղարկեն մոտակա աշխատանքային օրերին»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ ստանալուն պես կդիմեն Վճռաբեկ դատարան:

Վարդուհի Էլբակյանը տեսակցել է Տիգրանի հետ: Անդրադառնալով կալանավորի պահման պայմաններին՝ նա ասաց. «Ի՞նչ պայմանների կամ նորմերի մասին է խոսքը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմաններ ընդհանրապես չկան»:

Փաստաբանը նաև հավելեց, որ իրենք ներկայացրել են միջնորդություն, որ ոստիկանության կողմից եղել է բռնություն, սպասում են պատասխանի:

Օգոստոսի 9-ի երեկոյան Ազատության հրապարակի մոտ ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Սահակ Մուրադյանն ու Արտակ Կարապետյանը, բերման էին ենթարկվել, ապա՝ ձերբակալվել: Նրանցից չորսը՝ Արեգ Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը և Վահագն Գևորգյանը ազատ էին արձակվել, մյուս երեքի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել երկամսյա կալանքը:

Երեկ դատարանը բավարարել է ՀԱԿ երկու ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հայցերը։ Սարգիս Գևորգյանը ազատ է արձակվել ստորագրությամբ, Արտակ Կարապետյանը՝ 3 մլն դրամ գրավի դիմաց: