2011թ. հունիսի 9-ին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատգամավոր Անահիտ Բախշյանին էր տրամադրել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` հաստատված 2004 թվականի հոկտեմբերի 7-ի Կառավարության N 1616-Ն որոշմամբ: «Ժառանգություն» կուսակցությունից տեղեկացնում են, որ դրանց մեջ են Արամի փողոցի 36 բնակելի տունը, Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն) և այնտեղ գտնվող որմնանկարները, Գիլանյանի լիմոնադի գործարանը, իսկ Աֆրիկյանների տունը, որը պատրաստվում են քանդել, ըստ վերոնշյալ որոշման պետական ցուցակի, ենթակա է տեղափոխման:
«Ոչ միայն այս, այլև նման շատ դեպքերում ակնհայտ է, որ, ինչպես ընդունված է մեզանում, որևէ օրենք կամ կառավարության որոշում անզոր են կասեցնել այն սրիկայի ձեռքը, ով, առաջնորդվելով միայն սեփական շահույթով ու ընչաքաղցությամբ, շարունակում է քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանները: Այդ ձեռքը գործում է մինչ օրս, և հայտնի չէ, թե մինչև երբ է ավերելու մեր երկիրը և ագահորեն ու անօրեն հարստանալու ժողովրդի ու պետության հաշվին»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Վերոնշյալ խնդիրներով պատգամավորը ՀՀ մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետին դիմել է հետևյալ հարցերով, որոնց պատասխանները, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, ակնկալում է ստանալ 10-օրյա ժամկետում. «1.Ինչո՞ւ են ոչնչացվել պետական պաշտպանության ենթակա հուշարձանները: 2.Կառավարության ո՞ր որոշման հիման վրա են քանդվել այդ հուշարձանները: 3.Արդյոք առկա՞ է պայմանագիր կառուցապատում իրականացնող կազմակերպությունների հետ, եթե այո` խնդրում եմ տրամադրել պայմանագրերի պատճեները: 4.Արդյո՞ք ՀՀ Մշակույթի նախարարության և կառուցապատողների միջև կան պայմանագրեր և պարտավորագրեր` ուսումնասիրման, չափագրման և երեսաքարերի համարակալման և պահպանողական աշխատանքների վերաբերյալ, եթե այո` խնդրում եմ տրամադրել այդ փաստաթղթերի պատճեները»:
Ինչ վերաբերում է Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժմանը, ապա պարզվում է, որ այն իրականացնող կազմակերպությունները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները: 1. Արդյո՞ք նախկին սեփականատերերի վրա նման պարտավորություն դնելը բխում է տեղափոխման ենթակա հուշարձանի պահպանության շահերից: 2.Ո՞ւմ վրա է դրված ապամոնտաժման ժամանակ հուշարձանի պահպանության հոգսը, և ինչո՞ւ է դա պարտադրվել քաղաքացիներին»:





