«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Նախաձեռնության այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանը քաղկեդոնական շրջանի 10 հայկական վանքերի յուրացման փորձեր է ձեռնարկում:
«Վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաթուղթ: Հստակ գիտակցելով դա` ո՛չ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ էլ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված որևէ քայլ չեն ձեռնարկում` ապացուցելու համար վրացիներին, որ հայ ժողովուրդը տեր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը: Դրա փոխարեն Գարեգին Բ-ն և աշխարհիկ իշխանությունները նախընտրում են «բրախել» մեր պատմությունը բախտի քմահաճույքին` երկար լեզու դնելով հարևանների բերանը»,- ասվում է հաղոդագրության մեջ:
Նշվում է, որ հայկական քաղկեդոնական ճարտարապետության գլուխգործոց համարվող Կիրանց վանքը (XIII դար) մեկն է վիճարկվող 10 սրբատեղիներից, որոնք, չնայած բացառիկ նշանակությանը, այսօր զուրկ են որևէ հոգատարությունից: «Չենք լռելու»-ն սթափության կոչ է անում Մայր Աթոռին և Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև խնդրում է բարերարներին միավորվել հայ ժողովրդի անցյալի փրկության հարցում:





