Երիտասարդ հայ գիտնականների աջակցության համար ստեղծվելու է հատուկ հիմնադրամ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 28-ին Ծաղկաձորում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման բարձրացում» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ: Պետք է նշել, որ նախագահն այցելել է Ծաղկաձոր երիտասարդական կենտրոնի դրությանը ծանոթանալու համար, սակայն իմանալով, որ կենտրոնում ընթանում է «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման դիվերսիֆիկացման հնարավոր ուղիները» սեմինար-քննարկումը, նա որոշել է զրուցել դրա մասնակիցների հետ: Հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մասնակիցներին մտածել այն բանի մասին, թե արդյոք արդյունավետ են ծախսվում գիտությանը հատկացվող փողերը և միայն դրանից հետո անցում կատարել նրան, թե քիչ կամ շատ գումար է հատկացվում գիտությանը: «Ես կարծում եմ, որ դա կլինի գիտնականին վայել մոտեցում: Այլապես դուք կցուցաբերեք զուտ կենցաղային մոտեցում. որքան շատ լինի ֆինանսավորումը վերևից, մեզ այնքան շատ կհասնի»,- նշել է նա: Նախագահը հաղորդել է հավաքվածներին, որ առաջիկայում հանդիպելու է նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ և առաջարկել նրանց գալիք հանդիպմանը պատրաստել իրենց առաջարկությունները և հարցերը: Նա նաև առաջարկել է երիտասարդ գիտնականներին քննարկել այ հարցը, թե կա արդյոք ակադեմիական համակարգում այդքան գիտական հաստատությունների անհրաժեշտություն և արդյոք բոլորն են արդյունավետ աշխատում:
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև գիտության կտրուկ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին հարցին, մասնավորապես, այդ նպատակով 2012-ին պետբյուջեի 3 տոկոս հատկացմանը: Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն անցում է կատարել բյուջեի եռամյա ծրագրավորման և 2012-ի ծրագրերը հաստատվել են դեռ անցյալ տարի:





