Սեպտեմբերի 23-25-ը Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում կայանալու է «Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 8-րդ հուշամրցաշարը», հայտնում է Analitika.at.ua-ն: Ինչպես լրատվամիջոցին հայտնել են շախմատային մրցաշարի կազմակերպիչները, այն նախատեսվում է դուրս բերել միջազգային մակարդակի:
Հուշամրցաշարի ընթացքում նախատեսված է միջոցառումների շարք, որը կնպաստի շախմատի մասայականացմանը: Սպասվում է թատերականացված շախմատային ներկայացում, համերգ, գրոսմայստեր Ռաֆաել Վահանյանի և ԱՄՆ հավաքականի անդամ Ալեքսանդր Օնիշչուկի հետ հեռուստակամուրջ:
Հուշամրցաշարը անցկացվում է ՖԻԴԵ-ի կանոններով:
Տիգրան Պետրոսյանը ԽՍՀՄ, Մոսկվայի բազմակի և աշխարհի կրկնակի չեմպիոն է: 1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում, իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնությանը Մ.Բոտվիննիկի հետ, ում 1963թ. հաղթելով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1966թ. Պետրոսյանը պաշտպանեց իր կոչումը` հաղթելով Բ.Սպասսկուն:
Պետրոսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում բազմիցս է դարձել օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի գավաթակիր:
«Շախմատի թագավորը» կամ «Երկաթյա Տիգրանը», ինչպես սովորաբար անվանում են Պետրոսյանին Հայաստանում, եղել է ԽՍՀՄ և ՀՀ ֆիզկուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ինչպես նաև «64» շախմատային հանդեսի գլխավոր խմբագիր:
Շախմատի ոլորտում նվաճումների համար պարգևատրվել է «Ժողովրդների բարեկամության» (1981), «Պատվո նշան» (1965) շքանշաններով, «Աշխատանքային խիզախության համար» մեդալով: Պետրոսյանի անունն են կրում Երևանում գտնվող շախմատիստի կենտրոնական տունը, արհմիությունների շախմատային ակումբը և Մոսկվայի պատանի շախմատիստների հեռակա դպրոցը: 1984թ. ի վեր անց են կացվում Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարեր, 1987-ից` Մոսկվայում անց է կացվում Պետրոսյանի անվան համամիութենական թիմային պատանեկան մրցաշարը: 1987թ. սահմանվել է Պետրոսյանի անվան մեդալը:





