AM
29 Օգոստոս 2011 - 13:10 AMT

Կաթողիկոսն ընդունել է Ավստրիայից եկած ուխտավորների երկու խումբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգևոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբին: Խմբի կազմում էին ուխտավորներ Ավստրիայի տարբեր համայնքներից, ինչպես նաև Ինսբրուկ քաղաքի «Տիրոլեր Սոննթագ» եկեղեցական օրաթերթի ընթերցողների խումբը:

Մամլո դիվանից տեղեկացնում են, որ երեկ տեղի ունեցած հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրել է վերջին տարիներին Հայ Եկեղեցու կյանքից ներս արձանագրված ձեռքբերուները` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ծրագրերը, նոր եկեղեցականների պատրաստությունը, զանազան սոցիալական ծրագրերը, հարյուրից ավելի պատմական վանքերի ու տաճարների վերանորոգումն ու նոր եկեղեցիների կառուցումը:

Նույն օրը Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նաև Կաթոլիկ Եկեղեցու Ավստրիայի Գրաց Սեկուա և Գուրկի թեմերից Հայաստան ժամանած 37 ուխտավորների` առաջնորդությամբ Բադ Սուզեի հոգևոր հովիվ հայր Էդմունդ Մուհրերի:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձել է Ավստրիայում իր ուսումնառության տարիներին և հիշողություններին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է նաև ուխտավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական և էկումենիկ կյանքին: