Համաքաղաքային շաբաթօրյակի առթիվ այսօր ժամը 12։30-ին «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները պատրաստվում են ապամոնտաժել Նալբանդյան 106/1 տարածքում «ապօրինաբար կառուցված ցանկապատը» և վերադարձնել բակը բնակիչներին։
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գ. Խանգելդյանը բնակիչներին հայտնել է, որ «Ավագ շին» ՍՊԸ-ին «հանձնարարվել է Թումանյան, Ավագ Պետրոսյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան 106/1 շենքերի բակում կատարած շին. աշխատանքներից առաջացած շին. աղբը բակից հեռացնել, ինչպես նաև տարածքում գտնվող ծառերը խնամել՝ բացառելով հետագա չորացումը»։
Հակառակ այս հանձնարարականի՝ կառուցապատողը, որն ըստ քաղաքապետարանի պաշտոնական հայտարարության, չունի ո°չ ճարտարապետահատակագծային առաջադրանք, ո°չ շինարարական թույլտվություն, չի հեռացրել քանդման և ապօրինի հողաշինարարական աշխատանքներից գոյացած շին. աղբը։ Դեռ ավելին, ապօրինաբար ցանկապատել է ներբակային տարածքը՝ վնասելով բակում աճող ծառերը և դատապարտելով դրանք չորացման։
Նախաձեռնությունը հրավիրոմ է բոլորին միանալ ակցիային, վերականգնել օրինականությունը և բակը վերադարձնել բնակիչներին։





