AM
5 Սեպտեմբեր 2011 - 09:17 AMT

Երևանում կանցկացվի «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 27-29-ը Երևանում տեղի կունենա «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Ռումինիայից, Չեխիայից, Սլովենիայից, Իսրայելից, Իտալիայից, Գերմանիայից և այլն։

Կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սևանի ջրային ավազանի ներկա վիճակը, մարդածին ազդեցության հետևանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխությունները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դեպքում լճերի և ջրամբարների ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումները և այլ հարցեր։

«Գիտաժողովի թեման հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին։ Հատուկ անդրադարձ կլինի Սևանա լճի էկոհամակարգի փոփոխություններին։ Նշենք, որ Սևանա լիճն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. այն ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում քաղցրահամ ջրի եզակի պաշար է»,- նշվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդարության մեջ։

Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ երկրաէկոլոգիական մոնիթորինգը և ռիսկերի կառավարումը մարդկային կյանքը կդարձնեն ավելի ապահով, և գիտաժողովի ընթացքում քննարկված թեմաները կօգնեն ուղղակիորեն լուծել հասարակության առջև ծառացած մի շարք հարցեր։ Գիտաժողովի կազմակերպիչներն են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Գեղարքունիքի մարզպետարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։