AM
5 Սեպտեմբեր 2011 - 13:30 AMT

Ո՞վ ասաց, թե առավոտյան Երևանում խցանումներ չկան

Այսօր առավոտյան 9-ից մինչև 11-ը խցանում էր առաջացել Երևանի Մյասնիկյան պողոտայի ստորին հատվածում և Աբովյան փողոցի վերին հատվածում՝ մինչև Կորյունի խաչմերուկ։ Ուսանողներն ու ոչ միայն նրանք ուշանում էին։ Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանին այսօր զեկուցել են, թե սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի նոր ժամանակացույցը իր դրական ազդեցությունն է ունեցել երթևեկության բեռնաթափման առումով և կենտրոնական խաչմերուկներում նվազել են տրանսպորտի կուտակումները: Մի՞թե Կորյուն-Աբովյան խաչմերուկը կնտրոնական չէ։

Ստացվում է, որ համալսարաններում դասերը 9։30 սկսելու գաղափարը չի ծառայում իր նպատակին, և խցանումներ միևնույն է կան, իսկ ուսանողները միևնույն է ուշանում են։ Որոշումը միայն առաջացրել է ուսանողության դժգոհությունը, քանի որ 2-րդ հերթի դասերը նախկին 6։30-ի փոխարեն ավարտվում են 7։30։

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ միայն իշխանությունն ու ընդիմությունն են «շախմատ խաղում», այլև բոլոր նախարարությունները, կառույցներն ու վարչությունները։ Եթե կրթության համակարգում կա կաշառակերություն, հարցը փորձում են լուծել համատարած զորակոչի միջոցով, եթե ճանապարհներին կան խցանումներ՝ լուծումը ուսանողների դասերը մեկ ժամ ուշ սկսելն է և այլն, և այլն…

Փորձը ցույց է տալիս, որ այսպիսով խնդիրները չեն լուծվում ու չեն վերանում։ Իրական արդյունքի հասնելու համար հարկավոր է խնդիրը դիտարկել նյուն համակարգի ներսում ու չփորձել մեղքը բարդել «հարևանի» վրա։