AM
7 Սեպտեմբեր 2011 - 07:20 AMT

Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստները պնդում են, որ Ռուսաստանի հետ խաղում բոլորովին այլ խաղ կցուցադրեն

Սլովակիայի հավաքականի ավագ Մարեկ Համշիկը Հայաստանի հավաքականից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ առաջին գոլից հետո նրանք փորձեցին հավաքական խաղ ցուցադրել: «Առաջին խաղակեսում մենք դաշտում ավելի լավ էինք հանդես գալիս, բայց չօգտագործեցինք շանսերը: Մենք չկարողացանք վաստակել 3 միավոր, և դա մեր մեղքն է: Մեզ դաժան խաղ է սպասվում ռուսների հետ, և մենք պետք է ամեն ինչ անենք հանուն հաղթանակի»,- Համշիկի խոսքերը հաղորդում է Սլովակիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սլովակիայի հավաքականը 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի B խմբում իջել է 4-րդ տեղը: Սլովակների պաշտպան Պյոտր Պեկարիկը կարծում է, որ փլեյ-օֆ դուրս գալու շանսերը նվազել են. «Ափսոս, Հայաստանի հետ խաղում մենք նման կերպ պարտվեցինք: Բայց մենք հանդիպում ունենք Ռուսաստանի հետ, և մենք ցույց կտանք բոլորովին այլ խաղ»:

Սլովակների մեկ այլ պաշտպան Մարտին Շկրտելը նշել է, որ եզրափակիչ դուրս գալու շանսեր դեռ կան: «Մենք պայքարեցինք այն բանից հետո, երբ Հայաստանը բացեց հաշիվը, բայց երկրորդ գնդակից հետո մեր խաղը փոխվեց: Նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին հյուրերը և զարգացրեցին իրենց առավելությունը: Չնայած պարտությանը, մենք դեռ շանս ունենք դուրս գալու խմբում առաջին կամ երկրորդ տեղը»,- ասել է Շկրտելը: