«Իմ նախագծերը չեն ընդունում, որովհետև կա անձնական հաշիվների մաքրման բաղադրիչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր կողմից առաջարկվող և հանրության կողմից միանշանակ մերժվող գրեթե բոլոր նախագծերին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ «Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքերով, մեծ ներդրում ունեմ Երևանի կառուցման մեջ։ Այսօրվա Երևանը 10 տարվա վաղեմության Երևանը չէ»,- համեստաբար նշեց ճարտարապետը։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում կառուցվելիք թմբուկին, նա այն համեմատեց Օպերայի շենքի և Էյֆելյան աշտարակի հետ՝ նշելով, որ հանրությունը դրանց կառուցմանն էլ է դեմ եղել։ Նա նշեց, որ կառուցման դեմ մասնագիտական փաստարկներ չկան։ Բացի այդ ՝ արդեն իսկ տեղի է ունեցել 3 հանրային քննարկում։ «Թմբուկի հարցը հանրային քննարկման առարկա չէ։ Այն զուտ մասնագիտական մոտեցում է պահանջում։ Հանրային խորհրդում, եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ գինեկոլոգ կինը հայտարարում է, թե թմբուկը 3 անգամ ծավալով մեծ է Թամանյանի նախագծից։ Դա սուտ է»,- ասաց ճարտարապետը։
Նարեկ Սարգսյանը նշեց, որ իրականում չկա հանրային դժգոհություն իր նախագծերի վերաբերյալ, այլ կան մի քանի ակտիվիստներ, որոնք այդպիսի տպավորություն են ստեղծում։ Նա հավելեց՝ խնդիրն այն է, որ ճարտարապետների մի մասը իր ներկայությամբ այլ բան է ասում, Ճարտարապետների միությունում՝ մեկ այլ։





