AM
9 Սեպտեմբեր 2011 - 09:45 AMT

Նարեկ Սարգսյանին դուր չի գալիս Բժշկական համալսարանի շենքի նոր գույնը. այն նորից կներկեն

«Չի սխալվում նա, ով չի աշխատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնոլավ կենտրոնում ներկված շենքերի անհաջող գույնին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նա նշեց, որ մի շարք շենքերի գույները իրեն էլ չեն գոհացնում և նշեց՝ շատ հնարավոր է, որ լինեն ոչ ներդաշնակ գույներ։ Երևանում շենքերի ֆասադների ներկման այսպիսի զանգվածային գործընթաց, ըստ բանախոսի, առաջին անգամ է տեղի ունենում։

«Ինձ դուր չի գալիս, անընդունելի է Բժշկական համալսարանի շենքի գույնը, և այն նորից կներկեն»,- ասաց Նարեկ Սարգսյանը։ Նա անդրադարձավ նաև Աբովյան փողոցի կապիտալ շինությունների ապամոնտաժմանը, նշեց, որ մայթերը կդառնան ավելի ազատ ու լայն, կավելանան կանաչ գոտիները. «Մոտ 3 մետր հետ կգնա «Մարկո Պոլո» սրճարանը։ Եվ ընդհանրապես, սրճարանները կլինեն մոտավորապես «Փարիզյան սուրճ»-ի նման»։