Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դժգոհ է իր գործունեությունից բռնության կանխարգելման հարցում: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի զեկույցը (CPT) և ՄԻՊ գործունեությունը որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ թեմայով քննարկումների ժամանակ: «Ես դժգոհ եմ, քանի որ, չնայած մեր աշխատանքին, բռնությունն ու խոշտանգումները երկրոյմ շարունակվում են»,-նշել է նա: Նա ասել է, որ համագործակցությունը ՀԿ-ների առավել արդյունավետ կդարձնի այդ աշխատանքը: «Մեր կողքին արդեն 7 հասարակական կազմակերպություն կա, որոնք օգնում են մեզ լուծել առկա խնդիրները»,-ասել է նա:
Օմբուդսմենը հայտնել է նաև, որ մտադիր է վերականգնել արագ արձագանքման թեժ գիծը բռնությունների կանխման նպատակով, որը կգործի հոկտեմբերից:
Նա նշել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպառնալիք կա, որ կառավարությունը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի օմբուդսմենի գրասենյակին 2012թ. բյուջեով: «Սակայն, դա ևս չհաստատվեց»,-նշել է նա՝ հավելելով, որ եթե գրասենյակին ֆինանսական օգնություն չտրամադրվի, նրանք կփորձեն միջոցներ գտնել ԱԺ-ից:





