Վերջերս հաճախակի են դարձել երևանցիների բողոքներն առ այն, որ «Երևան ջուր» ՓԲԸ-ն հաճախակի անջատում է ջուրը կամ խախտում է ջրամատակարարման ժամանակացույցը: Սակայն, կազմակերպությունում հավաստիացրել են, որ անհագստանալու կարիք չկա, քանի որ «Երևան ջուրը» կանխարգելիչ աշխատանքներ է տանում: Ընդ որում, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել կազմակերպության մամլո քարտուղար Անահիտ Մանասյանը, ըստ ընդունված կանոնների ջուրը կարող է անջատվել ոչ ավելի քան 36 ժամով:
Սեպտեմբերի 6-ին 22:00-ին, ըստ նախնական հաղորդագրության, Ապարան-Երևան 60-կիլոմետրանոց ջրատարի վթարի պատճառով անջատվել էր մի շարք երևանյան թաղամասերի, այդ թվում Դավիթաշենի, 15, 16, 17 թաղամասերի, Մալաթիա-Սեբաստիայի ջրամատակարարումը, առանց ջրի էին մնացել Աջափնյակի, մի շարք փողոցներ, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերը և հարակից շրջաններն ու գյուղերը: Հայտարարվեց, որ ջրամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 8-ին 10:00-ին, այսինքն 36 ժամ անց: Սակայն, սեպտեմբերի 8-ին 10:30-ին «Երևանջուրը» հայտնեց, որ ջրամատակարարումը մասնավորապես 17-րդ թաղամասում կվերականգնվի 19:00-ին, այսինք 36 ժամին գումարվեց ևս 9 ժամ: Արդյունքում ջուրը տվեցին միայն 20:30-ին, այսինք նշված ժամկետից ևս 1,5 ժամ հետո: Այդ առնչությամբ «Երևան ջրի» մամլո քարտուղարը հայտնեց, որ վերականգնման աշխատանքներն ավարտված են, սակայն, ջուրը դեռ չի հասել որոշ շրջաններ: Այսինքն, ուր պետք է հասնելու համար ջրին «պահանջվեց» 10 ժամ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու որոշ շրջաններում չի ապահովվում վաղուց խոստացված 24-ժամյա ջրամատակարարումը, Մանասյանը նշել է, որ «գոյություն ունի ջրամատակարարման ամառային և ձմեռային ժամանակացույց, որը պարբերաբար փոխվում է»: Սակայն, հանգստացրեց նա, նվազագույն ժամանակացույցը՝ 8-ժամյա մատակարարումը միշտ պահպանվում է:





