Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացնում են «Կարում ենք ինքներս» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում անապահով և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար կկազմակերպվեն կար ու ձևի դասընթացներ: Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրումն է և նրանց ֆինանսական, հոգեբանական վիճակի բարելավումը:
Վարդենիսում ապրում են հաշմանդամ երեխա ունեցող 230 ընտանիքներ և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։ Աշխատատեղերի բացակայության պատճառով նրանք չեն կարողանում լուծել իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները: Շատ երիտասարդ աղջիկներ և կանայք չունեն մասնագիտություն և որևէ զբաղմունք:
«Կարում ենք ինքներս» ծրագիրը մասնագիտական կրթություն կապահովի նրանց համար: Ընտրված է այնպիսի մասնագիտություն, որն անհրաժեշտ է առօրյա կյանքում: Ունենալով դերձակի մասնագիտություն` նրանք կարող են գտնել աշխատանք կամ ստեղծել արհեստանոցներ և ունենալ սեփական բիզնես: Դասընթացի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն դասընթացի մասնակիցների աշխատանքները։





