AM
13 Սեպտեմբեր 2011 - 11:29 AMT

Հայ ուսանողները Երևանում երգ ու պարով, չինական տարազներով նշում են Լուսնի տոնը

Կարապի լճի մոտ այսօր գերիշխում են չինական կոլորիտն ու վառ գույները։ Վալերի Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական ինստիտուտի Կոնֆուցիուսի ինստիտուտը արդեն 3 անգամ նշում է չինական աշնան ու Լուսնի տոնը։ Այն չինացիների համար իր նշանակությամբ երկրորդն է գարնան տոնից հետո, որը նաև չինական Ամանորն է։

«Լուսնի տոնը խորհրդանշում է լիություն, առատություն, բերքահավաք»,- ասաց Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյանը՝ հավելելով, որ սա ընտանեկան տոն է, իսկ բնորոշ ավանդական ուտեստը լուսնային կլոր կարկանդակներն են։

Ըստ չինական առասպելի, Լուսնի աստվածուհին համբարձվել է Լուսին և մինչ օրս սպասում է սիրեցյալին։ Չինաստանի երիտասարդները աղոթում են Լուսնին ու ցանկություն պահում։ Մեկ այլ առասպելի համաձայն Լուսնի տոնի խորհրդանիշ բլիթներն օգնել են չինացիներն հեղափոխություն իրականացնել։ Նրանք բլիթների մեջ դրել են հեղափոխության օրով ու ժամով գրություններ և գահընկեց են արել մոնղոլների Յուան տոհմը, որից հետո իշխանության է եկել Միմ տոհմը։

Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները տոնի առթիվ ներկայացրեցին չինական ավանդական երգեր, ասմունք, ինչպես նաև ավանդական տարազների ցուցադրում։ «Տարազները կապույտ են՝ երկնքի գույնը, կարմիր՝ Չինաստանի հզորության գույնը, դեղին՝ արևի ու կյանքի գույնը»,- մեկնաբանեցին մասնակիցները։