Հայաստանում ամենուր և բոլորը պատրաստվում են Անկախության 20-ամյակի տոնակատարություններին, որոնց մեջ ամենամեծը ու ամենահզորը կլինի զորահանդեսը։ Այս անգամ զորահանդեսին պատրաստվում են ամենայն լրջությամբ, խոստանում են աննախադեպ օդային շոու… մի խոսքով` մեր բանակը կներկայանա իր ողջ հզորությամբ ու շքեղությամբ։
Այդ օրը ոչ ոք չի հիշի բանակում տիրող կոռուպցիայի մասին։ Այն մասին, որ որոշ մեծահարուստների զավակները չեն ծառայում բանակում։ Սակայն թիվը պետք է լրացնել, և հաճախ բանակ են զորակոչում ծառայությանը ոչ պիտանի երիտասարդների։
Փաստաբան Վահե Գրիգորյանը առաջարկում է թիվը համալրել և տիրող անառողջ մթնոլորտը մեղմացնել կանանց բանակ զորակոչելու միջոցով. «Մինչ օրս այս հարցի շուրջ լուրջ հակափաստարկներ չեմ լսել։ Կանանց պարտադիր զինվորական ծառայության չանցնելու հանգամանքը մինչ օրս բացատրվել է միայն որոշ մշակութային-հոգեբանական նկատառումներից ելնելով»։
Մեզանում վաղուց արդեն ընդունված երևույթ է խնդիրներին խորքային լուծում տալու փոխարեն դրանք կոծկելը։ Որքանո՞վ է իրականում նպատակահարմար հայ իրականության մեջ կանանց բանակ զորակոչելը հենց այդ խնդիրները լուծելու պատրվակով։ Տղաներին, զինվորներին պետք է սովորեցնել միմյանց հարգել և միմյանց չանարգել ու չհայհոյել, անգամ երբ տարածքում կին չկա։
Կանանց բանակ զորակոչելը լուծում չէ, բայց ելք պետք է որ ինչ-որ տեղ անպայման լինի։ Պարզապես պետք է լավ մտածել ու ճիշտ տեղերում փնտրել։ Պետք է սրտացավ լինել, մտածել ու գործել։ Պետք է հիշել, որ բանակը մեր հզորությունն ու անվտանգությունն է, և նրա ամրությամբ է պայմանավորված Հայաստանի Հանրապետության ու մեզանից յուրաքաչյուրի ապագան։





