Այսօր Facebook սոցիալական ցանցում օգտատեր Գայանե Այվազյանը տեղադրել է նկար և տարածել տեղեկատվություն, համաձայն որի «Աշտարակ կաթ»-ի «Կովիկ» ապրանքատեսակի կաթում որդ է հայտանբերել։
«Այսօր առավոտյան երեխայիս համար կաթ էի եռացնում, լցնում եմ կաթսայի մեջ ու ի՞նչ՝ որդ։ Ես ուղակի ապշած եմ։ Երեխաների համար կարծես նախատեսված կաթնամթերքում որդի առկայությունը ապշեցուցիչ է»,- գրել է Գայանե Այվազյանը՝ հավելելով, որ մինչ օրս «Աշտարակ կաթը» համարել է որակյալ արտադրանք ունեցող ընկերություն, սակայն, փաստորեն, երեխային տվել է որդնած կաթ։
«Աշտարակ կաթի» մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել են, որ հետևում են Facebook-ում ծավալվող բոլոր քննարկումներին։ «Նաև փորձել ենք կապ հաստատել տվյալ հրապարակման հեղինակի հետ: Միևնույն ժամանակ` գործարանից դուրս եկող արտադրանքի մեջ բացառում ենք օտար մարմնի թափանցման հնարավորությունը, քանի որ ողջ գործընթացն իրականացվում է ժամանակակից փակ համակարգով»,- հայտնում են ընկերությունից և հավելում, որ տվյալ պահին ճշտում են դեպքի մանրամասները:





