Հանրապետության հրապարակում կառավարության 1-ին շենքի ետնամասում թմբուկի կառուցումը կխախտի հրապարակի ամբողջականությունն ու կշրջանցի Հուշարձանների պահպանության մասին ՀՀ օրենքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում օրենքը խախտվում է ոչ թե հասարակ քաղաքացու, այլ պետական մարմնի կողմից։
«Քանի Թամանյանը կենդանի էր, նա իրավունք ուներ ավելացնել, պակասեցնել, ձևափոխել։ Հիմա անցել է ժամանակ, շինությունը դարձել է հուշարձան, և նրան մոտենալու համար անհրաժեշտ են երկարատև քննարկումներ, լուրջ հիմնավորումներ, որոնք այս դեպքում բացակայում են»,- ասաց Հասրաթյանը՝ թմբուկի կառուցումն անվանելով «մասնագիտական աբսուրդ»։
Ասուլիսի մյուս բանախոս ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պետական մրցանակի դափնեկիր Սաշուր Քալաշյանը նշեց, որ Թամանյանը այդ գաղափարի հետ զուգահեռ ունեցել է շատ այլ գաղափարներ ևս, իսկ հրապարակի սկզբնական նախագիծը եղել է բոլորովին այլ։ Սակայն, ըստ նրա, տարիների ընթացքում հրապարակը դարձել է դեպի կենտրոն ձգվող, իսկ Կառավարության շենքի թմբուկի կառուցումը կխախտի հավասարակշռությունը։
«Կառավարական շենքից հետո նախագծվեց և կառուցվեց արտգործնախարարության շենքը, որը կրկնեց կառավարական շենքը, և կառուցվեց երկրորդ աշտարակը։ Արդեն այն ժամանակ հրապարակը ուրվագծվեց խիստ դեպի կենտրոն, փոխվեց փողոցների քանակը՝ 8-ից դառնալով 6։ Հիմա հրապարակը ավարտուն, դեպի կենտրոն ձգվող համալիր է, իսկ գմբեթը կմտցնի ասիմետրիա»,- մանրամասնեց Սաշուր Քալաշյանը՝ հավելելով, որ մի հրապարակում չի կարող լինել 2 շեշտ. «Հրապարակը Երևանի թիվ մեկ հուշարձանն է, ունի միջազգային ճանաչում։ Ավելի լավ կլիներ ու ավելի հեշտ, եթե փոխարենը վերափոխվեր պատկերասրահի թմբուկը»։





