AM
27 Սեպտեմբեր 2011 - 09:45 AMT

56 գիտնականներ 17 երկրից կքննարկեն Սևանի բնապահպանական խնդիրները

Այսօր մեկնարկել է «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է 56 գիտնական 17 երկրից (ՌԴ, ԱՄՆ, Ռումինիա, Չեխիա, Իսրայել, Իտալիա, Գերմանիա, Բելառուս, Լեհաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Իրան, Հորդանան և այլն)։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի ծրագրային գործունեության մեջ մեծ տեղ են գրավում բնապահպանական խնդիրները, քանի որ երիտասարդները մտահոգ են շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերով։

«Մեր երկրի վաղվա տերերը երիտասարդներն են, և նրանք այսօր իսկ պետք է շատ հստակ պատկերացում ունենան այն բոլոր բնապահպանական խնդիրների և ռիսկերի մասին, որոնք առկա են արտաքին միջավայրում։ Այս գիտաժողովը ոչ միայն կխոսի խնդիրների մասին, այլև կներկայացնի հստակ առաջարկներ, թե վեր հանված հարցադրումների լուծման համար ինչ քայլեր պետք է իրականացվեն», – նշել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը կարևորել է համաժողովի անցկացումը՝ նշելով, որ քննարկվող թեմաները բավականին ընդգրկուն են։ «Գիտաժողովին անդրադարձ կլինի նաև Սևանի բնապահպանական խնդիրներին։ Սևանը՝ որպեսզ խմելու ջրի մեծ պաշար, բնականաբար, հետաքրքրում է ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։ Այսօր կան Սևանի ճահճացման, ջրի մաքրության հետ կապված խնդիրներ։ Չի բացառվում, որ գիտաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի կողմից բարձրացվեն բնակչությանը հուզող հարցեր, և գիտնականների կողմից առաջարկվեն համապատասխան լուծումներ», – նշել է Նվեր Թորոսյանը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով գիտաժողովը կլինի շարունակական։

Գիտաժողովին հայ և օտարերկրյա մասնագետները հանդես կգան 50-ից ավելի գիտական զեկույցներով: Հնչած լավագույն զեկուցումները հրատարակվելու են ԱՄՆ քիմիական տեխնոլոգիաների և ռումինական շրջակա միջավայրի պահպանության ամսագրերում, ինչպես նաև՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերում։ Գիտական համաժողովի շրջանակներում մասնակիցները կայցելեն Սևանա լիճ և Արարատյան դաշտավայր՝ աղուտ հողեր։