AM
27 Սեպտեմբեր 2011 - 11:39 AMT

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակցի ճնշումը բարձրացել է Քուշքյանի գրությունը կարդալուց հետո

Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը գրություն է ուղարկել Վայոց ձորի մարզպետարան՝ խորհուրդ տալով աշխատանքից ազատել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, Վայքի բժշկական կենտրոնի տնօրենին և նույն բուժկենտրոնում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը։

«Պատճառը առողջապահության նախարարի հրամանով կազմավորված փորձագետների խմբի զեկույցն է։ Նրանք Վայքում ուսումնասիրություններ էին կատարել, սակայն մենք հնարավորություն չունեցանք արդյունքները հրապարակելու, քանի որ գործ էր հարուցվել և կարող էինք խոչընդոտել նախաքննությանը»,- ասաց մամլո խոսնակը՝ հավելելով, որ աշխատանքից ազատելու վերջնական որոշումը պետք է կայացնի մարզպետարանը։ Խոսքը օգոստոսի 14-ին Վայքի հիվանդանոցում ծնված և 2 շաբաթ անց գանգում արյան զեղումից մահացած երեխայի դեպքի առթիվ կազմավորված հանձնաժողովի մասին է։

Վայքի մարզպետարանում PanARMENIAN.Net-ի թղթակցին խորհուրդ տվեցին խոսել անմիջապես առողջապահության բաժնի պետ Արտուշ Գալստյանի հետ, սակայն դա անել չհաջողվեց։

«Պրն. Գալստյանը հիվանդ է, բյուլետեն է վերցրել և աշխատանքի չի եկել»,- ասացին մարզպետարանից։ Հարցին՝ երբ կգա, պատասխանել դժվարացան։ «Ի՞սկ քանի օր է՝ աշխատանքի չի գալիս» հարցին պատասխանելն էլ էր բարդ։ «Չգիտե՞ք՝ քանի օր է աշխատանքի չի գալիս» հարցին վերջապես հնչեց այդքան սպասված, սակայն տատանողական պատասխանը. «Այսօր չի եկել, երեկ էլ չէր եկել։ Մարդը հիվանդ է, ճնշումը շատ բարձր է։ Տանն է»։ Հաջորդ հարցերը, թե կա արդյոք այլ կոնտակտային հեռախոսահամար կամ ինքը տեղյակ է նախարարի գրության մասին, նույնպես մնացին անպատասխան. «Այլ համար ինձ մոտ չկա… դե չգիտեմ»։ Իսկ եթե այլ համար չկա, այդ ինչպե՞ս էին իմացել, որ ճնշումը բարձր է։

Փորձեցինք կապ հաստատել մարզպետարանի մամլո ծառայության և Վայքի քաղաքային հիվանդանոցի հետ, սակայն երկու դեպքում էլ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Հավանաբար, բոլորը գնացել էին Արտուշ Գալստյանին հիվանդատես։