Չեմպիոնների լիգայի «Շախտյոր»- ԱՊՈԵԼ խաղի նախօրեին, որը կայանալու է սեպտեմբերի 28-ին, Դոնեցկի թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ նրա սաները մեծ ցանկություն ունեն հանդես գալու այնպիսի բարձր մակարդակում, ինչպիսին Չեմպիոնների լիգան է:
«Գլխավորը` շարունակել շարժվել նույն ուղղությամբ և հասնել լավ արդյունքների: Բոլոր թիմերն առանց բացառության խմբային մրցաշարում նպատակ ունեն դուրս գալ խմբից և խաղալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում: Ուստի այս խաղերը ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Ուկրաինայի առաջնության ոչ մի հանդիպման հետ»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Նա նշել է, որ ԱՊՈԵԼ-ի հետ նրանց սպասում է բարդ խաղ, քանի որ դա ուղղակի կիպրոսյան թիմ չէ, այլ բրազիլացիներից և պորտուգալացիներից կազմված հավաքական թիմ: «ԱՊՈԵԼ-ը խաղի ոճով նման է «Շախտյորին», նրանք նույնպես լավ են վերահսկում գնդակը և ցուցադրում են տեխնիկական ֆուտբոլ: Մենք կփորձենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի չզգանք որակազրկված ֆուտբոլիստների բացակայությունը: Կփորձենք այնպես կազմակերպել մեր գործողությունները, որպեսզի հասնենք դրական արդյունքի: Դա ամենակարևորն է: Հեշտ չի լինելու»,- ասել է Լուչեսկուն:





