Բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները պետք չի կապել բուն բանակի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Զինված ուժերում գրանցվող ինքնասպանությունների մասին, նման կարծիք հայտնեց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։
«Դուք զորահանդեսի ժամանակ տեսաք քահանաների ու սարկավագների վաշտը, որոնք երկար տարիներ չէին երևում, սակայն կարևորում էին բանակում անձնակազմի, զինվորների, սպաների հետ աշխատանքը»,- ասաց քահանան՝ հավելելով, որ զինվորները բանակում չեն կտրվում հոգևոր կյանքից։ Նրանք զորամասերում մատուռներ են կառուցում, հրամանատարների հետ միասին այցելում են մոտակա եկեղեցիները, աղոթում են։
«Մարդը անձնավորված է, ունի ընտանիք ու դաստիարակություն ու այդ ամենը բերում է բանակ։ Նույն կերպ տանում է նաև համալսարան, աշխատանքի վայր»,- նշեց Տեր Հայրը ու հավելեց, որ խնդիրներին պետք է խորքային մոտեցում ցուցաբերել, հասկանալ սկզբնապատճառները ու նոր պայքարել, որ սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգենք։





