AM
28 Սեպտեմբեր 2011 - 08:36 AMT

Երևանցիները ահազանգում են՝ «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն սպանում է փողոցային շներին, սակայն ընկերությունը հերքում է դա

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են սպանում փողոցային շներին։ «Պարոն Կարապետյանը պաշտոնապես հայտարարում է, որ շների սպանդ քաղաքում չկա, այնինչ վկաները հակառակն են ասում…»,- գրում են նրանք։

«Սմբատ զորավար փողոցի շներին կրակում են, հեռախոսով նկարում էի, շներից մեկին վիրավորել են, ոռնում է, չգիտենք՝ ինչ անենք… աչքիս առաջ խեղդելով սատկացրեցին մի անշառ, պուճուր մի շան, որ չէր էլ հաչում։ Ժպիտները դեմքներին սատկացնում են ու հումոր անում»,- գրել է սոցցանցի օգտատերերից Նառա Ռոստոմյանը։

Մեկ այլ օգտատեր գրում է, որ գիշերը 5-6 շուն են սպանել Չարբախի ձիարշավարանի մոտ, մյուսը կրակոց է լսել Նոր Նորքի 5-րդ զանգվածում, որից հետո շունը կաղալով մտել է շենքի մուտք. «Առավոտյան ամբողջ մուտքը արյան մեջ էր, իսկ շունը չկար»։ Բոլոր օգտատերերը նշում են, որ կրակողները գալիս են հատուկ մեքենաներով, որոնց վրա գրված է «ANIMAL CITY»։ Մեքենաների վրա գրված է լինում նաև կայքը՝ animalcity.am, և հեռախոսահամարը՝ 010 575768։ Լինում են դեպքեր, երբ շներին ոչ թե սպանում են, այլ վիրավորում և այդպես թողնում, որ ինքն իրեն սատկի։

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նմանատիպ լուրերը. «Դրանք անպատասխանատու հայտարարություններ են, հերյուրանք, սադրանք։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կենդանիներին վնասազերծում ենք բացառապես քնեցման միջոցով։ Մենք ունենք լաբորատորիա, որտեղ շներին ստուգում են, ու եթե նրանք շատ մեծ ու ագրեսիվ կամ վարակակիր չեն, համապատասխան պատվաստումներից ու ստերիլիզացումից հետո բաց ենք թողնում»։ Նա հորդորեց սուտ լուրեր չտարածել։

«Այս գիշեր ժամը 1։30-ին մեր բակում («Հայրենիք» կինոթատրոնի ետնամասում) պատուհանների տակ Յունիգրաֆի «հերոսները» կրակում էին շների վրա։ Ժամը շատ ուշ չէր, մարդիկ քնած չէին, շատերը զբոսնում էին, իսկ իրենց պետքն էլ չէր։ Կարող էին և մարդկանց վնասել։ Էլ չեմ ասում, թե սիրտս ինչքան է ցավում շների համար։ Առավոտյան զանգեցի դրանց անմարդկային կազմակերպություն։ Չեն պատասխանում, երևի լավ գիտեն, թե ինչ սպանդ են արել այս գիշեր։ Ուզում էի դրանց մամուլի խոսնակին ասել, որ հաջորդ անգամ հանրության առաջ շոու չանի, կուրծք չծեծի, թե իրենք հումանիստ են դարձել, փոխել են իրենց մեթոդները ու մարդկանց աչքերի առաջ չեն սպանում շներին։ Ամենամեծ սուտն է դա»,- գրել է Facebook ցանցի օգտատեր Ալբինա Սարգսյանը։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: