«Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող վարպետության դասընթացները կվարեն Կաննի գովազդի փառատոնի 7 հաղթողներ։
Այս մասին այսօր հայտարարեցին փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը և Ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանը։
Արմեն Մարտիրոսյանը կոչ է անում Հայաստանի բոլոր գովազդային, մարքեթինգային, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին մասնակցել փառատոնին և վարպետության դասերին։ Ըստ նրա, վարպետության դասերը գովազդի հմտություններին ծանոթանալու և միջազգային փորձը սովորելու համար հիանալի առիթ է հատկապես շուկայագետների, բրենդմեյքերների և պարզապես ընկերությունների ղեկավարների համար։
«Վարպետության դասերի թեմաներից են՝ «լոգոտիպները շուտով կմեռնեն», «բրենդինգ» և նման այլ թեմաներ։ Մենք խրախուսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ նրանք կսովորեն ինչպես պատրաստել թվային գովազդ։ Դրա մեջ մտնում է թե՛ ինտերնետ գովազդը, թե ՛ SMS գովազդը։ Այդ թեմայով կդասավանդեն մասնագետներ Ուկրաինայից և Բելառուսից»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը։
«Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնի բոլոր միջոցառումներին, մրցանակաբաշխությանը և վարպետության դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է հավատարմագրվել, որն արժե 50 000 դրամ։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ուսանողների համար գործում են զեղչեր։
«Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 27-29-ը Երևանում՝ Մոսկվայի տանը։ «Popok» փառատոնին այս տարի կմասնակցեն թե՛ Եվրոպայից, թե՛ Ասիայից 25 երկրների ներկայացուցիչներ՝ Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Վրաստան և այլն։ Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալություննների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։
Մրցույթը հետևյալ անվանակարգերում է՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ։ Մրցութային ծրագրի աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 18-ը։





