AM
29 Սեպտեմբեր 2011 - 04:32 AMT

«Պերեզագրուզկան» միակ օտարերկրյա թիմը կլինի Մինսկում կայանալիք Բռեյն-ռինգի տարվա եզրափակչում

Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի չեմպիոն «Պերեզագրուզկա» երևանյան թիմը դարձավ միակ ոչ բելառուսական թիմը, որը կմասնակցի Բելառուսի Հանրային ազգային հեռուստատեսության Բրեյն ռինգին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ և «Պերեզագրուզկայի» ավագ Տիգրան Քոչարյանը, մրցաշարի նկարահանումները տեղի են ունեցել սեպտեմբերի 14-16 Մինսկում, մասնակցել է 30 թիմ 5 երկրներից՝ Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից ու Ադրբեջանից:

Քոչարյանը նշել է, որ Հայաստանից մասնակցում էր 3 թիմ. մանկական «Արմադա-Բիլայնը», Արման Աբովյանի հեռուստատեսային թիմը և Հայաստանի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմը: Նա հավելել է, որ հայկական թիմերը լավ խաղ ցուցադրեցին, եթե չհաշվենք «Արմադա-Բիլայնի» ելույթը, որի բախտը մի փոքր չբերեց: Ըստ Քոչարյանի, զգացվում էր փորձի պակասը, բացի այդ «Արմադա-Բիլայնը» միանգամից հանդիպեց Բելառուսի ամենաուժեղ երիտասարդական թիմի հետ:

Ըստ Քոչարյանի, հայկական թիմերը փայլուն խաղացին մրցաշարում, նույնիսկ կազմակերպիչներին էին ապշեցրել հայ գիտակների կամքն ու գիտելիքները: Մրցաշարի կազմկոմիտեն գլխավորում էր «Բյուրեղյա բվի» մրցանակակիր Ալես Մուխինը: «Պերեզագրուզկայի» ավագը հատուկ նշեց այն աջակցությունը, որ թիմը ստացավ կրթության ու գիտության նախարարությունից և անձամբ նախարար Աշոտյանից, ինչի շնորհիվ էլ թիմը մասնակցեց մրցաշարին:

Տիգրան Քոչարյանը հայտնեց նաև, որ «Փի Արտ» հեռուստաընկերությունը, որը զբաղվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծով հայկական հեռուստատեսությունում, այժմ բանակցում է «Բելառուսի ՀԱՀ միջազգային գավաթի մրցաշարի» առավել հետաքրքիր խաղերը ցուցադրելու մասին: