AM
30 Սեպտեմբեր 2011 - 09:25 AMT

Ի՞նչն է դրդում ինքնասպանության՝ կրոնական հայացքները, թե սոցիալական ծանր պայմանները. բանավեճ

Հայաստանում սպանությունների կամ ինքնասպանությունների իրավական լուրջ հետաքննություն իրականում չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա նշեց, որ դա է նաև պատճառը, որ չկան վիճակագրական տվյալներ՝ ի՞նչն է ավելի հաճախ մարդկանց դրդում ինքնասպանության՝ կրոնական հայացքները, թե սոցիալական ծանր պայմանները։

«Մեզ մնում է միայն մամուլի արձագանքը, որ երբեմն կարող է սուբյեկտիվ լինել, երբեմն լրագրողական հետաքննության արդյունք։ Սակայն, դա չի կարող լինել ամբողջական ու համակողմանի։ Մնում է միայն ենթադրություններ անել»,- ասաց տիկին Խառատյանը։ Նա նշեց, որ դեռևս չկա դատարանի գոնե մեկ եզրակացություն, թե ինքնասպանության պատճառը կրոնական պատկանելությունն է եղել, իսկ սոցիալական պատճառներն ու լարված վիճակը բերում են անձի դաժանեցման և կարող են դրդել ինքնասպանության։

Նարեկագետ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը ներկայացրեց աղանդավորության կապը հոգեկան առողջության և ինքնասպանությունների հետ. «Ժամանակակից բժշկության մեջ ավելի շատ է կապվում հավատը հոգևոր կյանքի ու առողջության հետ։ Աղանդը որակազրկում և վերացնում է մարդու արժեքային համակարգը՝ կորցնելով նրա մեջ բարին, լույսը, հավատը, ուրախության, կյանքի լիարժեքության զգացումը։ Իսկ ճշմարիտ հավատը ճիշտ մեկնաբանմամբ տալիս է այդ ամենը»։ Բանախոսը նշեց, որ հրաժարվելով ճշմարիտ հավատից, մարդը հասնում է դիակի մակարդակին՝ կորցնելով իր մարդկային արժեքները։

Արմեն Ներսիսյանը սակայն չհերքեց սոցիալական գործոնը, որը կարող է իրավիճակը սրել։ «Մարդը պետք է կուշտ լինի, հագուստ ունենա, հետո նոր խոսենք հոգևոր արժեքների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի անտեսել աղանդների մեղքը. «Աղանդավորների ուղեղը լվանում են և նրանց զոմբի են սարքում։ Նրանց ասում են՝ եթե դու ինքնասպանություն գործես, կհասնես Աստծուն»։