Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 1-3-ը կիրականացնի «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագիրը։ Հիմնադրամից հայտնում են, որ բժշկական համալսարանի բարձր հասարակական ակտիվություն և բարձր առաջադիմություն ունեցող մի խումբ ուսանողներ, դասախոսներ կուղևորվեն պատմական Հայաստան։
Ծրագիրը նվիրված է Անիի 1050-ամյակին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամյակին: Ուղևորության առաջին օրը մասնակիցները կայցելեն հայոց 10-րդ մայրաքաղաք Կարս, կշրջեն քաղաքում, կլինեն Եղիշե Չարենցի հայրական տանը, Առաքելոց եկեղեցում, Կարսի բերդում, թանգարանում, ռուսական գիմնազիայում: Այնուհետև ուղևորությունը կշարունակվի դեպի Բայազետ, կբարձրանան Արարատ սարը (2500 մ)՝ այնտեղ բարձրացնելով ՀՀ պետական դրոշը: Երկրորդ օրը մասնակիցները կշրջեն Վանով և կուղևորվեն դեպի Սարիղամիշ: Ուղևորության 3-րդ օրը նախատեսված է այցելություն հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: Երիտասարդները կլինեն Մայր տաճարում, Գագկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներում, Կուսանաց վանքում, Մանուչեի մզկիթում և այլն:
Ճանապարհորդության ընթացքում երիտասարդներին կտրվեն բոլոր նշված վայրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ։ «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանակներում էլ ավելի բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը, վառ պահել պատմական ժառանգության նկատմամբ սրբազան կարոտը, որը մեզ են փոխանցել մեր պապերն ու հայրերը։





