Արդեն մի քանի ամիս է տարեկան պարտադիր ավտոտեխզննման կարգը փոխվել է։ Այժմ պետք է գնալ բանկ, կատարել համապատասխան մուծումը, վերցնել կտրոնը, տանել ավտոտեխզննման կայան, կնքել կտրոնը, փակցնել մեքենայի դիմապակուն։
Նոր կարգը լրատվամիջոցների կողմից ժամանակին լայնորեն լուսաբանվել է, սակայն շեշտը հիմնականում դրվում էր մուծումը բանկում կատարելու և այս կերպ կոռուպցիայի դեմ պայքարելու վրա։ Եվ վարորդներն էլ հետևություն են արել, թե էականը մուծումն անելն է, իսկ մեքենան տեխզննման ենթարկելը ամենևին էլ կարևոր չէ, ու ոչ մեկին չի հետաքրքրում։
Սակայն պարտադիր տարեկան ավտոտեխզննման կտրոնի վրա ավտոտեխսպասարկման կետի կնիքը չլինելու դեպքում մեքենայի վարորդը կտուգանվի 50 հազար դրամով։ «Եթե կնիքը չկա, նշանակում է՝ բանկում մուծել է, բայց տեխզննում չի անցել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին Ճանապարհային ոստիկանությունից։
Պարզվում է, որ վարորդներից շատերն այդ մասին չգիտեն։ Նրանք վստահ են, որ պարտադիր է բանկում մուծում կատարելը, որից հետո կարելի է կտրոնը միանգամից փակցնել մեքենայի դիմապակուն։ Իսկ ավտոտեխսպասարկման կետում մեքենան ստուգելն ու կտրոնը կնքելը, ըստ վարորդների, կրում են կամավոր բնույթ. «Ես բանկում մուծել եմ։ Նույն բանկում ասացին, թե տեխզննման կայան գնալը կամավոր է՝ կուզեմ կգնամ, չեմ ուզի չեմ գնա»։
Ստացվում է, որ վարորդների ճնշող մեծամասնությունը օրինախախտ է, սակայն այդ մասին պատկերացում իսկ չունի։





