AM
3 Հոկտեմբեր 2011 - 06:14 AMT

Այս պահի դրությամբ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժել է 2 մարդ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ի ժամը 9.41-ի դրությամբ պատահարի հետևանքով կա 2 տուժած:

Արճիս գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթև կոտրվածք և Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ և Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:

130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար:

Դեպքի վայր են մեկնել ԱԻ նախարարության` ՀՓԾ ՓՈՒՎ ՀՓՋ-ից` 23 փրկարար, Տավուշի ՄՓՎ` 15 հրշեջ-փրկարարներ և ՄՓՎ ՓՋ-ից 6 փրկարար, Իջևանից 6 հրշեջ-փրկարար, Լոռու մարզի Ալավերդու ՀՓՋ-ից` 6 հրշեջ-փրկարար, Լոռու ՄՓՎ-ից 9 հրշեջ-փրկարար, Ստեփանավանի ՀՓՋ-ից 2 և Վանաձորի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև “Լոռե” փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունից` 3 փրկարար: Պաշտպանության Նախարարության 4 ծանր տեխնիկա և 20 զինծառայող, առողջապահության նախարարությունից` շտապօգնության 10 բրիգադ, իսկ տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից:

Հասարակական կարգի պահպանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ: Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով: