Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածել է տեղեկություններ երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորածների մասին:
«Դրանք են` Երևանի բնակիչներ 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյանները, Լճկաձոր գյուղի բնակիչ` 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացիներ` 1992 թ. ծնված Արթուր Գուգենի Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Մովսեսի Հակոբյանը, ինչպես նաև 1961թ. ծնված Գենա Սուրմանիձեն ու 1981թ. ծնված Նուքրի Սուրմանիձեն: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր – Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Կառավարությունը նաև խնդրում է ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածից օգտվելուց, և հայտնում է, որ գործում է Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է «թեժ գիծ»՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38:





