Ամբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ առավոտյան ժամը 08.20-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:
Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են`
Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:





