Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն, առողջություն և բարեկեցություն: Մաղթում եմ Ձեզ նաև նորանոր նվաճումներ և արդյունավետ աշխատանք հանուն Ռուսաստանի և նրա ժողովրդի բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օգտվելով առիթից` Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխհարաբերությունների զարգացման և կատարելագործման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր եղբայրական ժողովուրդների համագործակցությունն այսուհետ ևս դինամիկ կզարգանա` լրացվելով նորանոր բովանդակությամբ»,- նշել է ՀՀ վարչապետը:





