AM
15 Հոկտեմբեր 2011 - 06:09 AMT

Շիրակի մարզում մի խումբ դպրոցականներ հայտնվել են հիվանդանոցում

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Շիրակի մարզի Կարմրավան գյուղի մի խումբ աշակերտներ գտնվում են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում: Հոսպիտալացման նախնական պատճառ համարվում էր օդակաթիլային վարակը:

Բուժկենտրոնի տնօրեն Սարգիս Վարդանյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունեցել են 11 երեխա, բայց հոսպիտալացվել են նրանցից միայն 6-ը: Պարզվում է հիվանդությունը ոչ թե վարակի, այլ մրսածության հետևանք է: «Երեխաները ամեն առավոտ դպրոց են գնում քայլելով 7 կիլոմետր: Կարմրավան գյուղից հասնում են Զույգաղբյուր գյուղ: Իսկ այս եղանակային պայմաններում՝ ճանապարհին մրսածության ֆոնի վրա նրանց մոտ վերին շնչուղիների հիվանդություն է զարգացել»,- ասել է ԱՆ պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ Ռոմելա Աբովյանը: Կարմրավան գյուղի դպրոցը հիմնական է: Ավագ դպրոց այս գյուղի երեխաները հաճածխում են 7 կմ հեռավորության վրա գտնվող Զույգաղբյուր գյուղ: