AM
17 Հոկտեմբեր 2011 - 10:34 AMT

Երևանում կայացել է հրաձգության և սուսերամարտի ներդպրոցական առաջնությունը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ անկախության 20-ամյակի շրջանակներում երեկ տեղի է ունեցել պատանիների ներդպրոցական առաջնություն: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Մրցմանը մասնակցել են 60 մարզիկներ հրաձգություն և սուսերամարտ մարզաձևերից: Առաջնության նպատակն էր ավելի սերտ կապերով կապել մարզիկներին սպորտի հետ,և այդ նպատակով բոլոր մարզիկները պարգևատրվել են հուշանվերներով, իսկ հաղթողները՝ դիպլոմներով և մեդալներով:

Հրաձգություն մարզաձևից հաղթող են ճանաչվել Արթուր Չալիկյանը (օդամղիչ ատրճանակ), Ազնիվ Ղազարյանը (օդամղիչ ատրճանակ), Նարեկ Ադամյանը (օդամղիչ հրացան), Ալեքսան Ալեքսանյանը (ՕՀ շարժական թիրախ), Բելա Ալեքսանյանը (ՕՀ շարժական թիրախ)։

Սուսերամարտ մարզաձևից հաղթող են ճանաչվել Նվեր Պետրոսյանը (ճկասուսեր), Քնարիկ Համբարձումյանը (ճկասուսեր), Ռազմիկ Ռաֆայելյանը (խոցասուսեր), հաղորդում է Հրաձգության ֆեդերացիայի մամլո ծառայությունը: