Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրում է Վանաձորում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման մեջ և գտնում է, որ ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց նախաձեռնած սուբյեկտների` այսինքն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Վանաձորի ավագանին ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով է համայնքային գույքը` ֆուտբոլի մարզադաշտը և մոտ 50000 քմ մակերեսով տարածքները անհատույց նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, մինչդեռ եթե ՀՖՖ-ն ցանկանում էր ներդրումներ անել և վերակառուցել ֆուտբոլի մարզադաշտը, ապա դա կարող էր անել առանց նախապայմանների, իսկ նախապայմանն այն էր, որ Վանաձոր համայնքի գույքը սեփականության իրավունքով անհատույց նվիրաբերվի ՀՖՖ-ին:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ քանի դեռ նշված որոշումների իրավաչափության քննությունն ավարտված չէ ՀՀ վարչական դատարանում, ցանկացած հայտարարություն՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միտում ունի, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը», – նշված է հաղորդագրության մեջ:





