AM
18 Հոկտեմբեր 2011 - 11:34 AMT

Քննարկում. Ոստիկանության բաժանմունքներում չկան ցուցմունք տալու համար առանձնացված սենյակներ

«Յուրաքանչյուր անձ, ով վկայություն է տալիս, պետք է համարվի վկա»,- այսօր կազմակերպված ԵԱՀԿ՝ Հայաստանում վկաների պաշտպանությանը վերաբերող զեկույցի քննարկմանն ասաց իրավաբան Արա Ղազարյանը։ Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում մեղադրյալի իրավունքները պետք է սահմանափակվեն հօգուտ վկայի։

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը ներկայացրեց վկաների պաշտպանության ոլորտում պետությունների օրենսդրությունն ու փորձը։ «Մեր քննչական մարմիններն աշխատում են ոչ թե ապացույցների, այլ մարդկանց հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջավոր և զարգացած երկրներում վաղուց արդեն նախաքննության սկզբում աշխատում են բացառապես իրեղեն ապացույցների հետ, իսկ վկաներին ներգրավում են ավելի ուշ։

«Մենք ունենք բավական լուրջ խնդիրներ, որոնք օրենսդրորեն չեն կարգավորվում և բերում են լուրջ հետևանքների»,- իր հերթին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում անցկացված մոնիթորինգի արդյունքները ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Տաթև Մատինյանը։ Նա նշեց, որ հիմնական խոշտանգումներն ու բռնության կիրառման դեպքերը վկաների նկատմամբ կիրառվում են հենց հարցաքննությունների ժամանակ։ Որպես կարևոր խնդիր Մատինյանը նշեց հարցաքննությունների, առերեսման և ճանաչման համար հատուկ առանձնացված սենյակների բացակայությունը՝ նկատելով, որ հարցաքննությունները կատարվում են հիմնականում քննիչների սենյակներում կամ անգամ միջանցքներում։ «Լրջագույն խնդիր է նաև այն, որ քաղաքացիների ելումուտը ոստիկանության բաժանմունք չի գրանցվում»,- ասաց Տաթև Մատինյանը։

Քնարկմանը ներկա էր նաև ոստիկանության ներկայացուցիչը։ Քննչական գլխավոր վարչությունից Ժիրայր Զեյնալյանը նշեց, որ իրենք էլ են առկա խնդիրներին լավատեղյակ, սակայն «ունենք այն, ինչ ունենք»։ Նրա կարծիքով՝ համակարգում հիմնական խնդիրները կապված են անձի հետ. «Լավ քննիչը անգամ միջանցքում կարող է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նույն հարցաքննությունն ու առերեսումը անցկացվեն առանց օրենքի խախտումների»։

Տաթև Մատինյանի այն դիտարկմանն ի պատասխան, թե վկաներն ազատ հաղորդակցվում են մինչ ցուցմունք տալը, Զեյնալյանն ասաց՝ օրենսգիրքը դա չի արգելում. «Վկաների հաղորդակցումը կարող է սահմանափակվել քննիչի հայեցողությամբ, եթե մի վկայի ցուցմունք տալուց հետո առաջանա դրա անհրաժեշտությունը։ Այն էլ սահմանափակումը կարող է տևել մինչև երկրորդ վկայի ցուցմունք տալը միայն»։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը վկայի՝ առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը համարում է կենսական օրենքի գերակայության ապահովման համար. «Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է»։