«Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը Թարմ օդ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 19-ից երկու շաբաթների ընթացքում ստուգայցեր կանցկացնի Երևանի տասներկու համայնքների կրթական, առողջապահական և մշակութային հաստատություններում՝ հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և ծխախոտի ծխից զերծ միջավայրի ապահովման նպատակով:
ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 12-ը սահմանվել է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Թարմ օդ ծրագրի իրականացմամբ «Կանաչաստան» ՀԿ-ն նպատակ ունի հասարակության շրջանում հետևողականորեն բարձրացնել հակածխախոտային օրենքի մասին իրազեկությունը և այն կիրառելի դարձնել ոչ միայն այդ օրը, այլև յուրաքանչյուր օր:
Օրենքը սահմանում է, որ կրթական, առողջապահական և մշակութային հաստատություններում արգելվում է ծխախոտի վաճառքն ու օգտագործումը, իսկ տեսանելի վայրերում պետք է փակցված լինեն ծխելու արգելքի մասին հայտարարություններ: Ստուգայցերի իրականացման համար կազմվել է ցուցակ, ըստ որի ոստիկանները օրենքով սահմանված կարգով կհետևեն հակածխախոտային օրենքի դրույթների կիրառմանը վերոնշյալ հաստատություններում: Օրինախախտման դեպքում օրենքով նախատեսվում է դրամական տուգանք:





