AM
19 Հոկտեմբեր 2011 - 07:08 AMT

Մոլորակի բնակչության թիվը սրընթաց աճում է, իսկ Հայաստանում՝ նվազում

2011թ-ին աշխարհում բնակչության թիվը կկազմի 7 միլիարդ մարդ, իսկ արդեն 14 տարի անց այդ թիվը կհասնի 8 միլիարդի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը։

«Չնայած գլոբալ բնակչության թվի աճին, այս տարածաշրջանում այս ցուցանիշը նվազում է և դա իր հերթին բերում է մի շարք խնդիրների։ Այդ հիմնական խնդիրներից մեկը ծերացող բնակչությունն է՝ երիտասարդները քիչ են, աշխատաշուկա մտնողները նույնպես պակասում են»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ այս համատեքստում առանձնահատուկ շեշտադրում են կատարում կնոջ իրավունքների վրա։ Նրա կարծիքով կինն ինքը պետք է որոշի քանի երեխա ունենալ և պետք չէ խնդրի միակ լուծումը տեսնել շատ երեխաներ ունենալու մեջ. « Մենք պետք է քայլեր ձեռնարկենք առաջին հերթին միգրացիան կանխելու համար։ Ամենացավալին այն է, որ երիտասարդները լքում են Հայաստանը այլ երկրներում ավելի լավ ապագա գտնելու, կառուցելու հույսով»։

ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքը տարածաշրջանում բնակչության թվի նվազումը բացատրում է մի քանի գործոններով՝ ցածր ծնելիություն, գործազրկություն, աշխատանքի սահմանափակ հնարավորություններ։ Նա ողջունելի է համարում կառավարության ջանքերը երիտասարդներին աշխատաշուկա բերելու հարցում։

Ասուլիսի մյուս բանախոսը Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան գտնում է, որ խնդիրը ոչ այնքան ծնելիության ցածր մակարդակի մեջ է, այլ մահացության բարձր տոկոսը. «Եթե ընտանիքը երկրորդ կամ երրորդ երեխա չի ուզում, դա ընտանիքի խնդիրն է։ Մենք կարող ենք միայն խորհուրդ տալ, բացատրել, իսկ եթե լույս աշխարհ եկած երեխան է շուտ մահանում, դա արդեն համընդհանուր խնդիր է, որին պետք է լուծում տալ»։