AM
19 Հոկտեմբեր 2011 - 08:00 AMT

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդու մասին կեղծ տեղեկատվություն պատրաստած լրագրողը հեռացվել է աշխատանքից

Ըստ ճշտված տվյալների ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդին որևէ կապ չունի և չի ունեցել ոստիկանության կողմից Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի հետ: PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը հերքում է ավելի վաղ տարածված հաղորդագրությունը, որը թյուր իրազեկման արդյունք էր:

PanARMENIAN.Net կարևորում է իր ընթերցողների՝ ստուգված եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ կեղծ տեղեկատվություն պատրաստած լրագրողը հեռացվել է աշխատանքից:

Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել է 5 հոգուց բաղկացած ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բանդա։ PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ բանդայի 4 անդամները ձերբակալվել են, իսկ մեկը դիմել է փախուստի, սակայն ընկել է ժայռից ու մահացել։

PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը ևս մեկ անգամ ներողություն է խնդրում Անդրանիկ Միրզոյանից և իր հարազատներից չճշտված և փաստացի թյուր տեղեկատվություն տարածելու համար: