AM
19 Հոկտեմբեր 2011 - 10:10 AMT

«S.O.S Սևան». Չկա Սևան, չկա և Հայաստան

ՀՀ նախագահի նստավայրի մոտից այսօր մեկնարկել է «S.O.S Սեւան» կանաչ ակցիան, որն ուղղված է Սեւանա լճի ավազանում` Սոտքում, «GeoProMining Gold» ընկերության կողմից ջարդող-տեսակավորող համալիրի անօրինական տեղակայման դեմ: Ակցիայի մասնակիցներն իրենց հայտարարությունն են ուղղել ՀՀ նախագահին, Գեղարքունիքի մարզպետարանին, ապա ուղեւորվել են Սոտք:

«S.O.S Սեւան» կանաչ ակցիայի մասնակիցները տարածած հայտարարության մեջ հայտնում են, որ Հայաստանում իր գործունեության հենց սկզբից «GeoProMining Gold» ընկերությունը մտադրություն է հայտնել Արարատից ոսկու կորզման ֆաբրիկան տեղափոխել Սոտք` խախտելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, սակայն երկրի նախագահի 2009թ. աշնանը դրսեւորած քաղաքական կամքի արդյունքում Սոտքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը փակվեց: «Երկու տարի անց ընկերությունը վերսկսել է իր ծրագրերի իրագործումը։ 2011թ. մարտին առանց որեւէ թույլատրող փաստաթղթի, առանց բնապահպանական փորձաքննության անցկացման, հրաժարվելով մասնակցել Սոտք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումներին, անտեսելով երկրի օրենքները եւ առաջին հերթին «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, «GeoProMining Gold» ընկերությունը Սեւանա լճի ավազանում` Սոտքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր»,- ասվում է հայտարարության մեջ:

S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը պահանջում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ անցկացնի Սեւանի վերաբերյալ ահազանգների հիման վրա եւ հասարակայնությանը ներկայացնի համապատասխան ակտերը. «Պահանջում ենք, որպեսզի պետական մարմինները միջոցներ ձեռնարկեն անօրինաբար կառուցված համալիրի ապամոնտաժման ուղղությամբ եւ պատժեն «GeoProMining Gold» ընկերությանը` ՀՀ ազգային օրենսդրության խախտման համար:

Պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որոնց ստորագրություններն են դրված Սեւանա լճի ջրահավաք ավազանում գործող լեռնահանքային ընկերություններին թույլատրող փաստաթղթերի վրա, դադարեցնեն այդ ընկերությունների գործունեությունը մինչեւ մոնիտորինգ չանցկացվի` պարզելու նրանց գործունեության համապատասխանությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Մենք դիմում ենք բոլոր քաղաքական կուսակցություններին եւ մեր երկրի քաղաքացիներին: Չկա Սեւան, չկա եւ Հայաստան: Մոռացեք քաղաքական եւ այլ տարաձայնությունների մասին, միացեք մեզ` փրկենք Սեւանը»: