Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում հոկտեմբերի 19-ին կայացավ «Գրական տապան 2011. տասը տարի անց» ծրագրի մեկնարկը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գրող Դավիթ Մուրադյանը, թատերական քննադատ, հետազոտող ու փորձագետ Քրիստիան Լանգեն:
Ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):
Այս նախագիծը 10 տարի առաջ կայացած «Գրական տապան»-ի շարունակողն է: Ինչպես տասը տարի անց, այս անգամ էլ նախագծի արդյունքում կտպագրվի գրական ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով ներկայացնելու են իրենց խոհերն ու տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական մշակույթի մասին: Նախատեսվում է նաև բացել «Գրական տապան» նախագծի կայքը:
Ծրագիրը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը:





