«Թռչկանի ջուրը կտրողի կյանքը կտրվի», «Թռչկանի ջրվեժը ՀԷԿ չի դառնալու», «Թռչկանի ջրվեժը բնության հրաշք է» և մի շարք այլ պաստառներով ցուցարարները այսօր կառավարության շենքի դիմաց պահանջում էին դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը ջրվեժի տարածքում։
«Մեր պահանջն է դադարեցնել շինարարությունը և հանգիստ թողնել բնության պաշտպանվող հրաշքը։ Բնական հուշարձան հանդիսացող ջրվեժը չի կարող գոյատևել առանց իր ջրի»,- ասաց Թռչկանի պահպանության նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը։
Ցուցարարներին ընդառաջ եկավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նա ասաց, որ իր և ցուցարարների նախնական պայմանավորվածությունը, ըստ որի աշխատանքները պետք է 10 օրով դադարեցվեին, պահպանվել է, և հիմա ամեն ինչ օրինական է. «Կառուցապատողը 2004 թվականից սկսած օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերն անցել է, իսկ ՀԷԿ-ի կառուցումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել ջրվեժի գոյությանը»։
Նախարարը նաև նշեց, որ իրենք պատրաստվում են կնքել համաձայնագիր և այն ներկայացնել հանրային կարգավորման հանձնաժողովին, «որպեսզի հետագայում հանրային վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ունենանք»։
«Հստակ 3 պայման ունենք՝ անհրաժեշտ էկոթողքի ապահովում, մարդկային գործոնի բացառում ու փականային ռեժիմ, ամառային 3 ամիսներին ՀԷԿ-ի աշխատանքների դադարեցում»,- ասաց Արամ Հարությունյանը։
Ցուցարարներին, սակայն, նախարարի պատասխանները չբավարարեցին. «Պարզ երևաց, որ 10 օրվա ընթացքում նրան բավարարել են փող-փաստաթղթերով, և նա տվել է իր համաձայնությունը»,- ասաց ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը։





