2011թ. հոկտեմբերի 9-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Գրիգորի Մնացականյանին: Առաջադրված մեղադրանքում Ռ.Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ռ.Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հաղորդում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:
Օրերս հաղորդվել էր, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 12:40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Ներսիսյանը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:





