Երևանում մեկնարկել է քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում առկա հարցերի վերաբերյալ միջազգային գիտագործնական եռօրյա սիմպոզիում: Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Հայաստանի կոխլեար իմպլանտացիայի կենտրոնը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փոխնախարար Տիգրան Սահակյանը ողջույնի խոսքում նշել է, որ միջոցառումը կնպաստի քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտի բարելավմանը: «Հուսով ենք, որ ներկա գիտաժողովը հնարավորություն կտա բոլոր բժիշկներին միավորվել, որպեսզի լուծվեն ոլորտում առկա խնդիրները և նպաստել հիվանդների կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև լուծել հաշմանդամության կանխման հիմնախնդիրները` թե° մեծահասակների, թե° մանկահասակների շրջանում»,- ասել է փոխնախարարը։
Նա նաև ընդգծել է, որ առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է այս ծառայության զարգացմանը հանրապետությունում և փորձում է էլ ավելի բարելավել ծառայության որակը` ինչպես հիվանդանոցային ցանցում, այնպես էլ պոլիկլինիկաներում: Սիմպոզիումին մասնակցում են բժիշկներ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից։ Հարկ է նշել, որ նախօրեին քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում միջազգային ճանաչում ունեցեղ բժիշկներին` Ն.Ա.Միլեշինա, Յ.Ֆրեյ, Մ.Լենհարդթ, Մ.Գորիանի, Գ.Ա.Տավարատկիլաձե, Վ.Վ.Բախշինյան, Վ.Ի.Ֆեդոսեև, հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում կոխլեար իմպլանտների ծրագրի իրականացման հնարավորությունները:





