AM
24 Հոկտեմբեր 2011 - 09:16 AMT

Ավելի լավ է ջուր կուտակեք, քան ջրազրկվեք. «Երևան ջուրը» նախընտրում է չարյաց փոքրագույնը

Երևանում ջրամատակարարման պարբերաբար անջատումները բացատրվում են 2 պատճառով՝ վթարներ և վերականգնողական-վերակառուցողական շինարարական աշխատանքներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երևան ջուր» ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը։

«Մենք շահագործում ենք խողովակաշարեր, որոնք կառուցվել են անցյալ դարի 20-ական 30-ական թվականներին։ Ցավոք, ջրամատակարարման ցանցում անհնար է առանց ջրազրկումների իրականացնել վերականգնողական շինարարական աշխատանքներ։ Վերջին մեկ տարում կատարել ենք 55 լուրջ շինարարական աշխատանքներ, որոնց ընթացքում, բնական է, եղել են ջրանջատումներ, բայց միշտ էլ պատշաճ կերպով բնակչությանը զգուշացրել ենք այդ մասին»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ որոշ համայնքներում արդեն իսկ կան հիդրավլիկ հանգույցներ, որոնք թույլ են տալիս ջրազրկել ոչ թե ողջ համայնքը, այլ մի մասը՝ մեկ փողոց կամ մի քանի շենք. «Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք համայնքներոմ հուսալիության բարձրացման աշխատանքներ են արվել, և տեղադրվել են հիդրավլիկ հանգույցներ։ Մյուս տարի նման սարքեր կտեղադրվեն նաև Աջափնյակում և Շենգավիթում»։

«Երևան ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն էլ նշեց, որ ընթանում են արդիականացման աշխատանքներ, սակայն փոխարինումների մասին խոսելը դեռ վաղ է. «Համակարգը ծանր վիճակում է, բայց կառավարելի»։

Բանախոսներն անդրադարձան նաև այն խնդրին, որ զգուշացնում են ջրանջատման մասին, բնակիչները հավելյալ ջուր են կուտակում, սակայն դա չի լինում՝ նշելով, որ իրենք տալիս են տվյալներ նախնական հաշվարկով. «Դուք կարող եք աշխարհագրական դիրքի պատճառով չջրազրկվել, բայց իրականում ձեր շենքի ջուրը անջատվում է։

Ինչ վերաբերում է կուտակված ջրին, ամենաշատը կարող եք կուտակել 2-3 հարյուր դրամի ջուր։ Մենք գերադասում ենք չարիքի փոքրագույնը. պատրաստ եղեք, բայց մի ջրազրկվեք։ Հակառակ դեպքում մեզ ավելի շատ կմեղադրեիք»,- ասաց Արամ Սահակյանը։