AM
26 Հոկտեմբեր 2011 - 04:58 AMT

Թուրքիայի երկրաշարժից հետո մինչ այսօր գրանցվել է 516 հետցնցում

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև այսօր, ժամը 08.20-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 516 հետցնցում:

Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով 19.55-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես Երևանում` 3-4 բալ ուժգնությամբ:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:

Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Տվյալներ այն մասին, թե արդյոք թուրքական իշխանություններն ընդունել են օգնությունը մյուս երկրներից, առայժմ չկա:

Հիմնականում քրդերով բնակեցված Վան գավառում ամենահզոր երկրաշարժերից մեկը գրանցվել է 1976 թվականին: Այդ ժամանակ զոհվեց 3840 մարդ: Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժը տեղի է ունեցել 1999-ին երկրի խիտ բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ աղետին զոհ գնաց 20 հազար մարդ: