Սեռական դաստիարակություն տալ չի նշանակում խոսել սեքսի մասին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով` մարդն ամենավաղ տարիքից անցնում է սեռական դաստիարակության փուլեր` սկսած 3-5 տարեկանից մինչև 15 տարեկան: «Համապատասխանաբար տարբեր փուլերում մարդը պետք է տարբեր տեղեկատվություն ստանա»,- ասել է նա: Ընդ որում, հայ փորձագետը նկատել է, որ վաղ տարիքում երեխայի մոտ հետաքրքրություն է առաջանում սեփական գոյության հանդեպ, այսինքն` նրան հետաքրքիր է, թե նա որտեղից է հայտնվել և ինչ է իրենից ներկայացնում նրա մարմինը: «Ծնողները հաճախ չեն ողջունում այդ երևույթը երեխաների մոտ և դրա համար պատժում են նրանց, սակայն ես դա ճիշտ չեմ համարում»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ նա հայ ծնողներին խորհուրդ է տվել նաև երեխաներին չպատմել, թե նրանց արագիլներն են բերել: «Երբ երեխան իմանում է ճշմարտությունը, նա հիասթափություն է ապրում, ինչը նույնպես կարող է նրա համար սթրեսի աղբյուր հանդիսանալ»,- նշել է նա:
Հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին նշել է, որ կարևոր է, որպեսզի 3-5 տարեկան հասակում տղաները դաստիարակվեն իրենց հայրերի կողմից: «Մինչև 5 տարեկան երեխաները շատ տպավորվող են և կրկնօրինակում են այն ամենը, ինչ տեսնում են, և այս կապակցությամբ շատ կարևոր է հոր մասնակցությունը նրանց դաստիարակությանը, մասնավորապես դա վերաբերում է տղաներին»,- ասել է նա:





