AM
4 Նոյեմբեր 2011 - 10:40 AMT

Ժամկետանց ապրանք վաճառելու համար տույժի է ներկայացվել 17 կազմակերպություն

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունն ու «Սպառողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները հերթական ծրագրային հսկողական շրջայցերն են կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի առավել խոշոր 40 խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու և դրանց վաճառքը բացառելու նպատակով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շրջայցերի արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակների շարքում գերակշռել են կաթնամթերքը, պատրաստի մսամթերքը, կիսապատրաստվածքներն ու զովացուցիչ ըմպելիքները: Քաղաքապետարանից հայտնում են, որ աննդի վաճառքի օբյեկտների տնտեսվարողները զգուշացվել են նաև ձեռնպահ մնալ կասկածելի՝ ոչ պարզորոշ ժամկետայնությամբ, ինչպես նաև օտարալեզու մակնշումով սննդամթերք վաճառելուց:

Արդյունքում, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով տույժի են ներկայացվել 17 կազմակերպություն, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի խանութներում պարենային ապրանքների անվտանգության հսկողությունն ու ընդգծել, որ այն լինելու է մշտական ուշադրության կենտրոնում: